Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 13

:
Armenian - NEA
1 Եվ Աստծու մարդը Տիրոջ թելադրանքով Հուդայից եկավ Բեթել, այն պահին, երբ Հերոբովամը զոհ էր մատուցում զոհասեղանին։
2 Տիրոջ խոսքն ուղղելով զոհասեղանին՝ նա ասաց. «Սեղա՛ն, ո՜վ սեղան, այսպես է ասում Տերը. “Դավթի տանը Հովսիա անունով մի որդի կծնվի, նա քեզ վրա կզոհաբերի մեհյանների քրմերին, որոնք քեզ վրա զոհ են մատուցում, և մարդկանց ոսկորները կայրի քեզ վրա”»։
3 Իր ասածը հաստատելու համար նշան տվեց՝ ասելով. «Այս է նշանը, որ Տերն է ասել. “Հիմա զոհասեղանը կպատռվի, իսկ դրա վրայինը կթափվի”»։
4 Երբ Հերոբովամ արքան լսեց Աստծու մարդու՝ Բեթելում գտնվող զոհասեղանին ուղղված խոսքերը, իր ձեռքը մեկնեց զոհասեղանի վրայից՝ ասելով. «Բռնե՛ք դրան», բայց դեպի նա մեկնված նրա ձեռքը գոսացավ, և չկարողացավ այն հետ քաշել իրեն,
5 զոհասեղանը պատռվեց, և զոհասեղանի վրայինը թափվեց, ըստ այն նշանի, որ տվել էր Աստծու մարդը Տիրոջ թելադրանքով։
6 Հերոբովամ արքան ասաց Աստծու մարդուն. «Աղաչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, աղոթի՛ր ինձ համար, որ ձեռքս դեպի ինձ դառնա»։ Աստծու մարդն աղաչեց Տիրոջ առաջ, և արքայի ձեռքն առաջվա պես դեպի ինքը եկավ։
7 Արքան, խոսելով Աստծու մարդու հետ, ասաց. «Ինձ հետ տո՛ւն մտիր, ճաշի՛ր, և ես քեզ պարգև կտամ»։
8 Աստծու մարդն արքային ասաց. «Եթե քո տան կեսն էլ ինձ տաս, չեմ մտնի քո տունը, ոչ էլ հաց կուտեմ և ջուր կխմեմ այստեղ,
9 քանզի Տերն ինձ այսպիսի պատվեր է տվել. “Հաց չուտես այդտեղ, ջուր չխմես և չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացել ես”»։
10 Այդպիսով նա այլ ճանապարհով գնաց Բեթելից և չվերադարձավ այն ճանապարհով, որով եկել էր Բեթել։
11 Մի ծեր մարգարե էր բնակվում Բեթելում։ Նրա որդիները եկան ու նրան պատմեցին այն բոլոր դեպքերը, որ այդ օրը կատարել էր Աստծու մարդը Բեթելում, ինչպես նաև այն խոսքերը, որ նա ասել էր արքային։
12 Հայրը հարցրեց նրանց. «Ո՞ր ճանապարհով գնաց նա»։ Որդիները ցույց տվեցին նրան այն ճանապարհը, որով գնացել էր Հուդայից եկած Աստծու մարդը։
13 Նա ասաց որդիներին. «Էշը թամբե՛ք»։ Էշը թամբեցին, և նա նստեց էշի վրա,
14 գնաց Աստծու մարդու հետևից և նրան գտավ կաղնու տակ նստած։ Ծերը հարցրեց. «Դո՞ւ ես Հուդայից եկած Աստծու մարդը»։ Նա ասաց. «Ես եմ»։
15 Ծերն ասաց նրան. «Ե՛կ ինձ հետ տուն և հա՛ց կեր»։
16 Նա ասաց. «Չեմ կարող քեզ հետ վերադառնալ և քեզ մոտ գալ, հաց ուտել ու ջուր խմել այնտեղ,
17 քանի որ Տերն ինձ այսպիսի հրաման է տվել. “Հաց չուտես այդտեղ, ջուր չխմես և չվերադառնաս այն ճանապարհով, որով գնացել ես”»։
18 Նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես. Տիրոջ հրեշտակը խոսեց ինձ հետ՝ ասելով. “Նրան քեզ մոտ՝ քո տո՛ւն տար, թող հաց ուտի ու ջուր խմի”»։
19 Խաբելով նրան տարավ իր հետ. նա հաց կերավ ու ջուր խմեց։
20 Եվ մինչ սեղան էին նստել, Տերը խոսեց այն մարգարեի հետ, որ Աստծու մարդուն իր տունն էր բերել։
21 Իսկ սա, խոսելով Հուդայից եկած Աստծու մարդու հետ, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ դու չհնազանդվեցիր Տիրոջ խոսքին, չպահեցիր այն հրամանը, որ Տերը՝ քո Աստվածն էր տվել քեզ,
22 վերադարձար, հաց կերար ու ջուր խմեցիր այնտեղ, որի մասին Տերն ասել էր քեզ. “Հաց չուտես և ջուր չխմես”, քո դիակը քո հայրերի գերեզմանը չի մտնելու”»։
23 Հաց ուտելուց ու ջուր խմելուց հետո ծեր մարգարեն թամբեց նրա էշը, ու նա գնաց։
24 Ճանապարհին նրան հանդիպեց մի առյուծ, որը հոշոտեց նրան։ Նրա դիակն ընկած էր ճանապարհին, էշը նրա կողքին էր կանգնած, իսկ առյուծը՝ դիակի մոտ։
25 Եկան անցորդներ, տեսան ճանապարհին ընկած դիակն ու դիակի մոտ կանգնած առյուծին, մտան այն քաղաքը, որտեղ այդ ծերունի մարգարեն էր բնակվում, և պատմեցին իրենց տեսածը։
26 Երբ այս բանը լսեց Աստծու մարդուն ճանապարհից հետ դարձրած մարգարեն, ասաց. «Դա Աստծու մարդն է, որը Տիրոջ խոսքը չլսեց, Տերը նրան առյուծին հանձնեց, և սա բզկտելով սպանեց նրան, ինչպես որ Տերն ասել էր նրան»։
27 Նա խոսեց իր որդիների հետ՝ ասելով. «Էշը համետե՛ք»։ Նրանք համետեցին։
28 Նա գնաց ու գտավ ճանապարհին ընկած նրա դիակը, իսկ էշն ու առյուծը կանգնած էին դիակի մոտ։ Առյուծը չէր կերել Աստծու մարդու դիակը, ոչ էլ հոշոտել էր էշին։
29 Մարգարեն առավ Աստծու մարդու դիակը, դրեց իր էշի վրա և բերեց քաղաք, որ ողբան նրա վրա ու թաղեն։ Մարգարեն նրա դիակը թաղեց
30 իր գերեզմանում։ Նրա վրա լաց եղան և ասացին. «Վա՜յ, եղբա՛յր»։
31 Նրա վրա ողբալուց հետո ծերն ասաց իր որդիներին. «Երբ մեռնեմ, ինձ կթաղեք այն գերեզմանում, որտեղ թաղվեց Աստծու մարդը. նրա ոսկորների կողքի՛ն դրեք ինձ, որպեսզի իմ ոսկորները պահպանվեն նրա ոսկորների հետ,
32 որովհետև անպայման կկատարվի Տիրոջ այն խոսքը, որ ասվեց Բեթելում գտնվող զոհասեղանի ու Սամարիայի բարձրադիր կռատների մասին»։
33 Այս բաներից հետո էլ Հերոբովամը չհրաժարվեց իր չարիքներից. նա ժողովրդի մի մասին մեհյանների քրմեր էր դարձնում. ով ուզում էր, նրան ձեռնադրում էր, և նա դառնում էր մեհյանների քուրմ։
34 Այսպես Հերոբովամի տունը մեղք գործեց, և դրա համար էլ նա բնաջնջվեց ու վերացավ երկրի երեսից։